ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ փոխպետքարտուղարին է ներկայացրել իրավիճակը սահմանին

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:

«Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ, փոխանցում է ԱԳՆ լրատվականը:

Իրադրությունը սահմանի արևելյան հատվածում լարված է մարտի 11-ի վաղ առավոտից, երբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել:

Անցնող երկու օրերին փոխհրաձգությունը՝ այդ թվում խոշոր տրամաչափի հրազենային զենքերով, ականանետերով ու հրետանային միջոցներով, նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, պարբերաբար վերսկսվել է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանական-կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում ի պատասխան Ադրբեջանի զինուժի կրակի, Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

Հայկական կողմը անցած երկու օրերին հաղորդել է իր 1 զոհվածի և 8 վիրավորների, ադրբեջանականը՝ 2 զոհվածի և 1 վիրավորի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հայտնում է մայիսի 12-ին 1 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանականը՝ 1 զոհի մասին (թարմացված)
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)