Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանով՝ «Աբխազիայի տարածքով» երկաթուղային տարանցմամբ

Հերթ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, արխիվ

Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը, «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում խոսելով Ռուսաստանի և Վրաստանի միջև գործարար կապերի հեռանկարների մասին, ընդգծել է Վրաստանից անջատված Աբխազիայի տարածքով երկաթուղային տարանցում սկսելու անհրաժեշտությունը։

«Դա, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա կնքել կայուն և կանխատեսելի գներով գազի և նավթի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Կատիրինը շեշտել է նաև, որ երկաթուղային տարանցումը «կթեթևացնի Վերին Լարսի սահմանային անցակետը և կնվազեցնի առաքվող ապրանքների արժեքը՝ մեծացնելով դրանց ծավալը»։

«Հաշվի առնելով Թուրքիայի տարածքով ռուսական ապրանքների տարանցման հետ կապված ներկայիս իրավիճակը՝ նման սխեմայի կազմակերպումը կենսական նշանակություն ունի», - հավելել է նա։

Հայաստանը բազմիցս է հայտարարել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով շահագրգռվածության մասին։ վրաց-աբխազական պատերազմից հետո դադարեցված այդ հաղորդակցությունը վերսկսելու նախաձեռնություններին Թբիլիսին նախկինում չի աջակցել: