Սոթքում երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն խաղաղություն, ընդգծում սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը, հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը երեկ ճեպացրուցի ժամանակ ասել է. - «Այս տեսակ բռնությունը, մեր կարծիքով, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների առաջնորդներին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվող հանդիպման ժամանակ համաձայնել և հետ քաշել զինված ուժերը սահմանի երկայնքով, ինչպես որ քննարկվել է մայիսի սկզբին պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ բանակցություններում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից․ մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջՀարցին` դիտարկո՞ւմ է արդյոք պետքարտուղարը մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը որպես վաշինգտոնյան երկխոսության շարունակություն, Պատելը դրական է պատասխանել, նշելով՝ հավատում են, որ շարունակվում է առաջընթացի երկարատև ճանապարհը:
«Մենք կարծում ենք, որ այս խնդրի համար գոյություն ունի խաղաղ լուծում: Ահա թե ինչու մենք պետքարտուղարի գլխավորությամբ շարունակում ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է նա:
«Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից այս բանակցությունների շարունակության համար, և մենք կնպաստենք, որ այդ գործընթացը շարունակվի», - ընդգծել է Վեդանտ Պատելը։
Ճեպազրույցից հետո Պետդեպարտամենտի խոսնակը Թվիթերում տարածել է իր այս հայտարարությունների տեսանյութը՝ գրելով. - «Հայաստանի Սոթք գյուղի մոտ փոխհրաձգությունն ընդգծում է սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը»:
Երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)