Գիշերը հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել, առավոտյան իրադրությունը հարաբերական կայուն է. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, Ֆեյսբուքում գրում է Արամ Թորոսյանը:

Խոսնակը հայտնում է նաև, որ երեկ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)