Դիտորդների այցից ու աղմկահարույց զեկույցից մեկ ամիս անց նաև մարդու իրավունքների պաշտպանն ու նրա գրասենյակի աշխատակցիներն են եղել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության շուրջօրյա կենտրոնում և կրկին գրեթե նույն խնդիրներն արձանագրել։
Չնայած երկու այցերից հետո էլ բարձրաձայնվել է երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջության խնդիրների մասին, եղել է բռնությունների վերաբերյալ ահազանգ, այդուհանդերձ դեռ քրեական գործ չկա հարուցված։
6 բաժակ՝ 14 երեխայի համար, լոգախցիկի հատակին լցրած կարտոֆիլ, ժամկետնանց ալյուր ու կարմիր պղպեղ, չփակվող դռներ զուգարաններում, լոգախցիկներ, որ միայն միջնապատով են առանձնացված սանհանգույցից, որոշ դեպքերում նաև միջնապատ էլ չկա։
ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանն ասում է՝ սանիտարահիգիենիկ պայմաններն այս կենտրոնում խիստ անբավարար են. - «Անընդունելի է համարվում երեխաների առաջնահերթ բարենպաստ և բարեկեցիկ պայմաններում խնամքը կազմակերպելու հարցը և ինչու չէ նաև մյուս սոցիալ-հոգեբանական և մասնագիտական աշխատանքների համակարգված, ամբողջական, հասցեական և կարիքահեն լինելը»։
Կենտրոնի երեխաներն ու աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմին պատմել են ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների դրսևորումների մասին՝ աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից՝ աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև։ Անահիտ Խաչատրյանն ասում է՝ սա երեխաների ժամանցի չկազմակերպելու հետևանք է, աշխատակիցները վերապատրասման կարիք ունեն, անբավարար են նրանց աշխատանքային պայմանները, բացի այդ աշխատակիցներն ուղղակի քիչ են։
«Հանդիպում ենք այնտեղ կադրերի հոսքի, օրինակ՝ երկու-երեք աշխատակից, որոնք շուրջօրյա խնամք են իրականացնում, նոր աշխատակիցներին, ովքեր ոչ մի պատրաստում չէին անցել ու անգամ հստակ չէին պատկերացնում իրենց գործառույթներն իրենց աշխատանքի վերաբերյալ», - նշեց նա։
Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պնդում են, որ իրենց ենթակայությամբ գործող այս կենտրնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են, այդուհանդերձ ընդունում են՝ միշտ էլ կա դրա կարիքը։ Շուրջօրյա այս կենտրնում 30-ից ավելի երեխա է ապրում։ Ու չնայած կադրերի պակաս կա, այդուհանդերձ միայն այս տարի կենտրոնից 10 աշխատակից է հեռացվել։ Իսկ թե ինչո՞ւ, «Ազատությանը» չհաջողվեց պարզել, որովհետև ժամանակավոր պաշտոնակատարն այդպես էլ չպատասխանեց զանգերին։ Նա մինչ օրս չի արձագանքել և՛ դիտորդների, և՛ օմբուդսմենի զեկույցներին։
«Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի անդամ» Մուշեղ Հովսեփյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք երկու անգամ են այցելել, դրանից հետո է եղել ՄԻՊ-ի այս՝ չնախատեսված այցը, բայց խնդիրերն, ըստ նրա, համառորեն չեն լուծվում։ Նախարարությունն, ըստ Հովսեփյանի, չունի վերահսկողության բավարար մեխանիզմ, իսկ երբ ՀԿ-ներն ու դիտորդներն են բարձրաձայնում խնդիրների մասին, ասում է՝ առաջին արձագանքը հերքումն է։
«Որևէ պաշտոնյա չի հրավիրվել Ազգային ժողով՝ հարցնելու, թե ինչ են արել այս զեկույցից հետո, որ այս՝ արդեն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը տեղի չունենար, և որևէ պատասխանատվություն որևէ մեկը չի ցանկանում ստանձնել. բոլոր պաշտոնյաները կարծում են, որ այդ խնդիրն իրենցից դուրս է, մեղավորը մեկ այլ անձ է, մեկ այլ պաշտոնատար անձ, մեկ այլ կառույց, բայց ոչ իրենք», - նշեց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ ընդունում են՝ կան բացթողումներ, բայց հիշեցնում են՝ կենտրոնում դժվարին պայմաններում հայտնված երեխաներ են շուրջօրյա խնամք ստանում, նրանցից ոմանք արդեն մինչև կենտրոն գալն են սեռական ու ֆիզիկական բռնությունների ենթարկվել։ Դիտորդներից հետո իրենք էլ են այցելել կենտրոն, խնդիրներ նույնպես արձանագրել են, իսկ կապտուկներով երեխաների չեն տեսել, բացառությամբ մեկ դեպքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զատիկ»-ի սաները դիտորդական խմբին մտահոգիչ պատմություններ են պատմել
Մուշեղ Հովսեփյանը հակադարձում է՝ իրենք ոչ թե մեկ, այլ մի քանի երեխաների են հանդիպել վնասված ձեռքերով. - «Նաև ինքնավնասման մասին ունեինք նախորդ զեկույցում, գրեթե բոլոր աղջիկների մոտ դաստակի վրա քերծվածքներ կային, ինչը կենտրոնի աշխատողները մեկնաբանում են որպես ուշադրություն գրավելու միջոց, մինչդեռ դա չի ազատում կենտրոնին լրջորեն մոտենալու այդ հարցին»։
Պաշտպանի գրանսենյակից ասում են, որ այս կենտրոնում նաև համակարգային բացթողումներ են հայտնաբերել, հավելում են՝ արձանագրել են նաև դեպքեր, երբ երեխաները հաճախ ծնողների հետ շփվում են միայն աշխատակիցների ներկայությամբ։ Իսկ դիտորդները տեղեկություն են ստացել, որ իրենց այցի ընթացքում ծնողներից մեկին փակել են սենյակում, որ չկարողանա իրենց հետ շփվել։ Ու չնայած այս ամենին և բռնությունների մասին հայտարարություններին՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրել է դիտորդական խմբի նախորդ զեկույցն ու պարզել, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, դա նաև դատախազությունն է հաստատել։ Դիտորդական խումբն այս որոշումը բողոքարկելու է։ Դիտորդների երկրորդ այցից ու ՄԻՊ-ի հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն, ըստ խոսնակի, դեռ այլ հաղորդում չի ստացել։