Ռուսական ռազմաբազան անարձագանք է թողնում կրակադաշտում զոհվածի ընտանիքի նամակները

Դերենիկ Տեփոյանը մեկ տարի առաջ է զոհվել ռուսական102-րդ ռազմաբազայի կրակադաշտում։

Արարատ Գևորգյանը Վահրամաբերդի հովիվն է, ցույց է տալիս չառանձնացված սահմանը, որտեղից սկսվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի «Կամխուտ» կրակադաշտը։ Այստեղ տարվա ընթացքում մի քանի անգամ զորավարժություններ են անցկացվում՝ տանկերի ու մեծ քանակով ռազմամթերքի կիրառմամբ։

Արարատ Գևորգյան

Գևորգյանի որդին՝ Մուշեղը ու նրա ընկերը 11 տարի առաջ զոհվել էին այս կրակադաշտում ականի պայթյունից։ Թվում է, թե տարածք մտնելն արգելված պետք է լիներ, բայց այն նույնիսկ ցանկապատված չէ։ Միակ «Կանգի՛ր, կրակում են, երթևեկել ու անցնելն արգելվում է» ցուցանակն էլ տեղադրվել է անցած տարվա ողբերգությունից հետո, երբ կրկին ականի պայթյունից այնտեղ զոհվեց գյուղի 64-ամյա բնակիչը։

Չնայած այս մահացու պատահարներին, վահրամաբերդցիները շարունակում են անասուններին բերել կրակադաշտի տարածքում արածացնելու։ Արարատ Գևորգյանը տարակուսում է՝ ուր տանենք, արոտ չունենք. - «Արոտ չունինք, մենք ի՞նչ էնինք։ Գյուղի մարդը ի՞նչ էնի...»

Շուրջ 1000 հեկտար տարածքը ժամանակին մի քանի գյուղերի արոտավայրն է եղել, վերջին տասնամյակներին այն հանձնվել է ռուսական ռազմաբազային։ Հովիվը գիտի այն տարածքը, որտեղ առավել վտանգավոր է, քանի որ, ըստ նրա, բազմաթիվ չպայթած ականներ կան. - «Իրանք կուգան կկրակեն, կրակվի-չի կրակվի, իրանց կրակածները ու առանց կրակածը թողում-էրթում են...»

Վերջին դեպքը ուղիղ մեկ տարի առաջ է եղել. կրակադաշտում անասուն արածացնելուց Դերենիկ Տեփոյանն էր զոհվել։ Ընտանիքի անդամները ասում են՝ տան միակ կերակրողն էր, քաղցկեղով հիվանդ թոռնիկի բուժման ծախսերն էր հազիվ հոգում։ Ինքը ևս հիվանդ է եղել ու կրտսեր դուստրը՝ Ջավահիրն է հորը օգնել։ Ասում է՝ որևէ անգամ իրենց տարածքում գտնվող ռուս զինվորականները չեն եկել ու չեն ասել՝ չի կարելի։ Պնդում է՝ նույնիսկ արգելող նշաններ չեն տեսել «Կամխուտ»-ում. - «Ընդհանրապես ըտեղ հեչ բան դրած չի եղել։ Մենակ պապայիս դեպքի վախտը զինվորներն են բերել, դրել ու փոսը կլցեին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կամխուտ կրակադաշտում ականի պայթյունից զոհվել է Վահրամաբերդի հովիվը Ռուսական ռազմաբազայի կրակադաշտում 9 տարվա մեջ մահվան ելքով 3-րդ դեպքն է գրանցվել

Դեպքից 1 տարի է անցել, սակայն ընտանիքին հայտնի չէ՝ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, ավելին՝ ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ընտանիքին ռուսական զինվորական քննչական վարչությունը անցած տարի միայն մի գրություն է փոխանցել, դրանում մի քանի զինվորականի անուն կա, նշված է, որ նրանց գործողություններում հանցանք չի հայտնաբերվել։

Հայաստանի քննչական կոմիտեից էլ «Ազատությանը» հայտնեցին՝ քանի որ դեպքը տեղի է ունեցել ռուսական ռազմաբազային պատկանող տարածքում, ռուսական կողմն է քննել գործը, հայկական կողմում գործ չի հարուցվել։

Դերենիկ Տեփոյանի կինը՝ Վարդիթերը նոր է հիվանդանոցից դուրս գրվել։ Վրդոված է հատկապես ռուսական կողմի անտարբերությունից։ Նամակ են գրել, բայց պատասխան չեն ստացել. - «Երկու անգամ նամակ ենք գրել, տվել ենք։ Արձագանք չենք ստացել։ Նորից երրորդ անգամ ենք գրել, տեսնինք պըտի էղնի՞, թե՞ չէղնի։ Գրել ենք 102-րդ բազային, որ ընտանիքը ծանր կացության մեջ է, միակ մեր կերակրողն ու պահողը ինքն է էղել, ամուսինս։ Ինքը աշխատել է երկար տարիներ հովիվ, ոչ մի անգամ ոչ մի բան չի էղել։ Թե էդ օրը, չարաբաստիկ օրը... սաղ-սալամաթ ղրկեցի, ինչ բերին տվին ընձի...»

Ընտանիքը նույնիսկ չի կարողացել Դերենիկ Տեփոյանի գերեզմանաքարը դնել, գումար չունեն։