Չինաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ մայիսի 18-19-ը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիան քաղաքում անցկացվելու է Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողով։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախագահությամբ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու են Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների ղեկավարները։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 17-19-ը պետական այց է կատարելու Չինաստան, որի ընթացքում բանակցություններ է վարելու Սի Ծինփինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը, ներդրումների, էներգետիկ և տրանսպորտային, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Տոկաևը նաև պլանավորում է հանդիպել չինական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։
«Ծրագրի կարևոր կետերից մեկը կլինի Տոկաևի մասնակցությունը Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովի աշխատանքներին», - նշված է Ղազախստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունում։