Համաճարակի բռնկումից մոտ երեք տարի անց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ քովիդն այլևս գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ չի համարվում։
«Այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե քովիդն այլևս վտանգ չի ներկայացնում», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը՝ հավելելով. - «Վիրուսը դեռ այստեղ է։ Այն շարունակում է կյանքեր խլել ու մուտացվել։ Վիրուսի այլ ձևերի դրսևորման ռիսկը դեռ առկա է, որն հանգեցնում է մահերի և դեպքերի նոր ալիքի»։
Քովիդ-19-ի առաջին բռնկումը 2019 թվականի նոյեմբերին էր՝ Չինաստանի Ուհան քաղաքում։ Երեք տարի անց գրանցված մահերի թիվը հասել է 7 միլիոնի, բայց ԱՀԿ-ի գնահատմամբ՝ իրական թիվը կարող է հասնել առնվազն 20 միլիոնի։
Ըստ Հեբրեյեսուսի՝ մեկ տարուց ավելի է «համաճարակն ունի նվազման միտում բնակչության իմունիտետի բարձրացման, մահացության նվազման և առողջապահական համակարգի ճնշման թեթևացման շնորհիվ»։
Այդուհանդերձ, փորձագետները զգուշացնում են՝ պայքարը դեռ ավարտված չէ և «մի համաճարակն ավարտված է համարում այն ժամանակ, երբ հաջորդն է սկսվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանում նոր շնչառական վարակի հետևանքով 4-րդ մարդն է մահացել