«Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի պատուհաններին կրակած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակողն, ըստ ոստիկանության, 17-ամյա երիտասարդ է, որը սովորում է մեկ այլ քոլեջում, տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարության լրատվության վարչությունից։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մայր դպրոցի» ապակիներին շուրջ 20 անցք հայտնաբերած ուսուցիչները մայիսի 3-ին զանգահարել էին ոստիկանություն ու պատմել, որ Բաբաջանյան 25 հասցեում գործող իրենց պատուհաններին կրակոցի հետքեր կան։

Դեպքի հաջորդ օրը ոստիկանությունը ձերբակալել ու ոստիկանության բաժին է տեղափոխել 17-ամյա երիտասարդին։

«Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ», - այսօր հայտարարել է ոստիկանությունը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախաձեռնված վարույթի շրջանակներում, երիտասարդի արարքի պատճառների, ինչպես նաև հանցագործության գործիքի հայտնաբերման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցների հետքեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին