Բիբլիական Քամի գալուստը տասնյակ տարիներ առաջ էր զգացվում. Անդրեյ Զվյագինցև

Անդրեյ Զվյագինցև

«Վերադարձ», «Աքսոր», «Ելենա», «Լևիաթան», «Չսեր».... ժամանակից կինոյում մեծ հետք թողած այս ֆիլմերի հեղինակ Անդրեյ Զվյանգինցևն Երևանում էր՝ մասնակցելու դրանց հետահայաց ցուցադրությանն ու իր գրքի շնորհանդեսին։

Մարդկային բարդ հարաբերությունների, քաղաքական ենթատեքստով ֆիլմերի հեղինակը Կաննի, Վենետիկի, Սեզարի փառատոնների մրցանակակիր է, Օսկարի կրկնակի հավակնորդ։

Աշխարհի կինոքննադատները նրա գործերում մարգարեության նոտաներ են տեսնում. դեռ 10 տարի առաջ նա կարծես զգացել էր այսօրվա Ռուսաստանը։

«Ազատության» հետ կարճ զրույցում Զվյագինցևն ասաց՝ մարգարեության մասին թող խոսեն ուրիշները, բայց, ինչպես ինքը ձևակերպեց՝ բիբլիական Քամի գալուստը տասնյակ տարիներ առաջ էր զգացվում. - «Ինձ շատ դժվար է դատողություններ անել այդ մասին։ Քանի որ մենք, համահեղինակներս՝ Օլեգ Օնեգինը, Միշա Կրիչմանը, Անդրեյ Պանկրատովը, մեր մտքում այդ ամենը ունեինք, զբաղվում էինք փաստորեն այսօրվա իրադարձություններով, հենց այսօրվա զգացողություններով։ Այսպես ասեմ՝ մենք չենք նայել առաջ, ես երբեք չեմ ասի կամ աջակցի այն հռետորաբանությանը, թե դա ինչ-որ մարգարեություն էր։ Ես հիմա շատ եմ այդպիսի մտքեր լսում։ Մենք պարզապես 2010-ին զգացինք այդ ժամանակը, զարկերակն ինչպես է խփում, և հայտնվեց «Ելենան», Քամի գալուստը, այլոց նկատմամբ քամահրանքն ու անպատկառությունը, այսպես ասենք։ Կարելի՞ է արդյոք ասել, որ դա այսօրվա ախտորոշումն էր, մարգարեություն էր... դա թողնենք կինոքննադատներին»։

4 տարի առաջ Զվյագինցևի «Ելենան» «Ռոլինգ Սթունզ» ամերիկյան հանդեսը ճանաչել է 21-րդ դարի լավագույն 50 ֆիլմերից մեկը, միակը Ռուսաստանից։ Մինչև «Ելենան» ռուս ըմբոստ ռեժիսորի մասին արդեն լսել էր համաշխարհային կինոաշխարհը։ 20 տարի առաջ նկարահանված «Վերադարձը» Վենետիկի փառատոնում «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին էր արժանացել։ Հաջորդը 2014-ին էկրան բարձրացած «Լևիաթան» սոցիակալան դրաման էր, որն ամերիկյան «Ոսկե Գլոբուս»-ի արժանացավ որպես օտարալեզու լավագույն ֆիլմ և ներկայացվեց «Օսկար»-ի։ Աղաղակող անարդարության, պետության ու եկեղեցու հանցավոր համագործակցության մասին ֆիլմը, որը սկանդալի պատճառ էր դարձել Ռուսաստանում, հաստափոր գիրք է դարձել հիմա ու ներկայացվեց նաև Երևանում։

Իսկ ահա «Չսերը» կյանքի ամենաանտանելի շերտերը վերհանեց։ Կաննի ժյուրիի մրցանակ, Բաֆտա, Սեզար շահած այս ստեղծագործությունը մի երեխայի միջոցով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ուղղակի չսիրել... Ֆիլմն ավարտվում է Դոնբասի պատերազմով։ 2022-ին Զվյագինցևը հրապարակայնորեն քննադատեց Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա։

Երևանում քաղաքական թեմաների մասին խնդրեց չհարցնել, այդուհանդերձ ակնարկեցինք, թե արդյոք այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, հենց այդ չսերն է։ Ռեժիսորն արձագանքեց. - «Դե սա ինչ-որ անհավանական ավարտ էր։ Աղետ է, հրեշավոր սխալ, աղետ, որ դեռ չի ավարտվել։ Քանի որ Ռուսաստանի, ՌԴ քաղաքացիների համար դեռ սրա արձագանքը լինելու է, դեռ շատ տարիներ այդ վերքը բաց է մնալու, դեռ երկար պետք է ուշքի գանք... թե՛ էթնիկ, թե՛ մշակութային տեսանկյունից շատ վատ է անդրադառնում, և կարծում եմ, որ իր հետք էլ թողնելու է։ Չսեր, իրականություն... ինչ ուզում ես դա անվանիր, դրա հետ մենք դեռ պետք է ապրենք»։

Զվյագինցևն արդեն երկու տարի է Ռուսաստանում չի ապրում։ 2021-ին նա հրաշքով ողջ մնաց քովիդի դեմ «Սպուտնիկ»-ով պատվաստվելուց հետո։ Գերմանիայում բուժվելուց հետո հիմա տեղափոխվել է Ֆրանսիա. - «Բժիշկները ապրելու փոքր շանս էին տալիս։ Հրաշք տեղի ունեցավ, ինձ տրվեց երկրորդ հնարավորությունը։ Դժվար է դեռ գիտակցել, թե ինչ է դա ինձ համար նշանակում։ Ինչքանով այն պետք է ազդի իմ ստեղծագործական կյանքի վրա, պե՞տք է արդյոք փոփոխության ենթարկվի ինչ-որ բան գաղափարական տեսանկյունից, չգիտեմ»։

Զվյագինցևին Երևան հրավիրել էին ռուս ռելոկանտները, որոնք այսօր մայրաքաղաքում ակտիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպում։ Պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովն ասում է՝ պատահական չեն ընտրվում ֆիլմերը, ներկայացումները, թեմաները. - «Բացառապես ներքին ֆիլտրերն են աշխատում։ Իհարկե, կան ֆիլմեր, որոնք ես շատ եմ սիրում ու կուզեի Երևանում էլ ցուցադրել։ Բայց հարց ես տալիս քեզ՝ ինչո՞ւ հիմա։ Հիմա պետք է կարևորի մասին խոսել»։

Հարցին, թե արդյոք կարող է միգրացիան կարևոր թեմա դառնալ իր համար, Զվյագինցևը արձագանքեց. - «Այդ մասին խոսելու համար պետք է ապրել, բավարար փորձ հավաքել՝ վշտի, կորստի փորձ և այդ տարածությունում, օտար տարածությունում սեփական եսը վերագտնել»։