Բաքուն պնդում է, թե «հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից»

Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ «հայ հոգևորականները պետք է հեռանան» Դադիվանքից։

Նրա խոսքերով՝ «հայերը ոչ մի կապ չունեն այդ վանական համալիրի հետ»։ «Այն պատկանում է կովկասցի ալբանացիներին, և վաղ թե ուշ դրա կառավարումը կիրականացվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»,- ասել է կրոնական հարցերով պետական կոմիտեի ղեկավարը։

Ադրբեջանցիները Քելբաջարի շրջանում գտնվող հայկական հինավուրց Դադիվանքը Խուդավենգ են կոչում։ 44-օրյա պատերազմից հետո այն գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության ներքո։