Ուզբեկստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայացած է ճանաչվել, քանի որ ընտրացուցակներում ընդգրկված երկրի քաղաքացիների կեսից ավելին տեղական ժամանակով ժամը 13:00-ին մասնակցել է քվեարկությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը։
Ուզբեկստանի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցում է քվեարկության ցուցակներում ընդգրկված ընտրողների առնվազն 50 տոկոսը։
Ժամը 13.00-ի դրությամբ ընտրողների թիվը անցել է 12 միլիոնը, ինչը կազմում է ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի 62,24 տոկոսը, ասել է ԿԸՀ ներկայացուցիչը։
Նա մանրամասնել է, որ ընտրացուցակներում ընդգրկվել է երկրի 19 միլիոն 414 հազար 914 քաղաքացի։
Երկրի մայր օրենքի հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է նախագահի լիազորությունների երկարաձգմանը հինգից յոթ տարվա։ Պետության ներկայիս ղեկավար Միրզիյոևի պաշտոնավարման ժամկետները կզրոյացվեն, այսինքն՝ 2026 թվականին նա կկարողանա երրորդ անգամ առաջադրվել։
Բացի այդ, փոփոխությունների համաձայն՝ Ուզբեկստանը հայտարարվում է սոցիալական պետություն, ինչպես նաև ակնկալվում է երկրում մահապատիժը վերացնել։