Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Այցի ընթացքում, ըստ հաղորդագրության, նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ևս ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի քննարկումներ:
Երևանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդում։
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։
Մինչ այդ՝ երեկ, հեռախոսազրույց է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, նրանք մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում կայանալիք վերոնշյալ քննարկումների շուրջ։