Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՊՆ

Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:

«Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն», - մասնավորապես նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Ժամը 20:00-ի դրությամբ, ըստ ՊՆ խոսնակի, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։

Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում էին, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ - «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։

Օրեր անց Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Փաշինյանը տեղեկացրեց, որ Տեղ գյուղում այդ 5 կմ խնդրահարույց սահմանից 1.4-ն արդեն ճշգրտվել է։