Բերքը վաճառել չկարողանալու պատճառով մեծմանթաշցիները երկընտրանքի առաջ են կարտոֆիլ ու գազար մշակելու հարցում

Մեծմանթաշցի Սմբատ Կյուրեղյանը 5 տոննա կարտոֆիլ ունի, բայց չի կարողանում վաճառել: Տեղում այդքան իրացնել հնարավոր չէ, գնորդն էլ գյուղ չի գալիս, ասում է գյուղացին։

«Գնորդ չի գալիս, մենք էլ չենք կարող ծախել, դրսից բերում են՝ գարին էլ է էժան, ցորենն էլ է էժան, կարտոլն էլ է էժան, իրա ծախսը չի հանում», - ասաց Կյուրեղյանը:

Վաղարշակ Սուքոյանն էլ հավելում է՝ գյուղացին չարչարվում ու բերքն աճեցնում է, բայց եկամտի մեծ մասը ստանում են վերավաճառողները. - «Ես թոշակառու մարդ եմ, կուզեի հողագործությամբ զբաղվել, բայց էն, ինչ որ կա՝ գազար է, կարտոշկա է, ցորեն, թե գարի, երևակայեք, մենակ լավ է վերավաճառողների համար»:

Մեծմանթաշցին 2,5 հեկտար հող ունի։ Որոշել է այս տարի ամբողջը չմշակել. - «Կարտոշկեն 400 դրամով են դնում շուկայում վերավաճառում, էստեղ մեզնից 120-ով են տանում, դրա համար էլ էս տարի նույնիսկ իմ կինն ասում ա՝ էդքան չեմ ցանի»:

Մեծմանթաշցիների կարծիքով՝ իրենց արտադրանքը քիչ է վաճառվում արտերկրից ներկրվող կարտոֆիլի ու գազարի պատճառով։ Լաերտ Բարսեղյանի կարծիքով՝ պատասխանատուները պետք է տեղացի արտադրողին աջակցեն։

«Գազարը բերում են Պարսկաստանից, մեր գազարը չի ծախվում, կարտոշկան Ռուսաստանի ֆուռերով բերում լցնում են, էլ չեն ասի՝ մեր գյուղատնտեսության տանջվողներն իրանց ապրանքը ծախեն, երբ որ չեղավ, նոր բերեն, բերել մեզ գցել են ետին կամրջակի վրա», - ասաց Բարսեղյանը:

Կարտոֆիլի ներկրման այս տարվա պաշտոնական ցուցանիշները դեռ չկան։ Դեռևս հասանելի չէ նաև 2022-ի ամբողջական պատկերը, բայց անցած տարվա առաջին կիսամյակի տվյալներով ներմուծման էական աճ չի եղել, միայն՝ 6 հազար տոննա կարտոֆիլ է ներկրվել։ Այս տարի ներկրումը շատացել է՝ վնասելով հայ գյուղացիներին, վստահ է Վիկտոր Չախոյանը։ Նա դա բացատրում է ռուսական ռուբլու արժեզրկմամբ։

«Մենակ ինքնարժեքը 150 դրամ վրեդ կնստի կարտոշկի՝ մեխանիզատորի, ջրի, ընդհանուր ծախսերով: Էսօրվա դրությամբ չեն տանում, բերքը մնացել է տեղը, որովհետև ֆռերով բերում են դրսից, ռուբլու կուրսն ընկել է, ձեռնտու է իրանց՝ էժան գներով բերեն», - ընդգծեց Չախոյանը:

Ունեցած բերքը չկարողանալով վաճառել գյուղացիները դեռ երկընտրանքի առաջ են կարտոֆիլ ու գազար մշակելու հարցում։