Բայրամովն ու Միրզոյանը Վաշինգտոնում «կարգավորման ճանապարհային քարտեզ կմշակեն»․ «Թուրան»

Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ փորձելու հասնել տարաձայնությունների հաղթահարմանը և խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։

«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։

Սպասվող բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պաշտոնական Երևանն այսօր տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Սպասվող հանդիպման մասին պաշտոնական Բաքուն առ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն