Թուրքիան դատապարտում է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրումը

Հայաստան - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ելույթ է ունենում հուշակոթող-աղբյուրի բացման ժամանակ, 25-ը ապրիլի, 2023թ.

Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրումը, որը, ինչպես նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում, նվիրված է 1920-ական թվականներին օսմանյան քաղաքական ու ռազմական առաջնորդների ու ադրբեջանցի պաշտոնյաների և նույնիսկ օսմանյան պետության որոշ հայազգի քաղաքացիների սպանությունների մեղավորներին։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ամոթալի հուշարձանի բացումը փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունը, որի արդյունքում սպանվել են 31 թուրք դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ»։

«Նման կարգի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Ավելի վաղ հուշակոթողի տեղադրումը դատապարտել էր Ադրբեջանը։

Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում