Ֆրանսիայի արտգործնախարարը ապրիլի 27-28-ը գտնվելու է Հայաստանում

Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 27-ին կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կոլոնան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:

Ըստ հաղորդագրության՝ այցի ընթացքում Կոլոնան կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում: