Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարից մահացած Սմբատ Հարությունյանի ընտանիքն արդեն 7 ամիս արդարադատություն է փնտրում՝ բազմաթիվ անպատասխան հարցերով. ի՞նչ հանգամանքներում մահացավ իրենց 27-ամյա որդին, ինչպե՞ս եղավ, որ օրը ցերեկով, բարձր տեսանելիության պայմաններում հարևան գյուղի բնակիչ Դավիթ Դանիելյանի ավտոմեքենան հարվածեց անսարք մեքենայի կողքին կանգնած Սմբատին։
«Քննիչը որևէ բան չի պարզաբանել, որ ասի, արի, հայրիկ ջան, մտցնեմ աչքդ՝ տղադ ինչից է մահացել: 7 ամիս է՝ ես ոչ մի քայլ չեմ տեսնում, ո՞ւր է օրենքը, արդարադատությունը», - ասաց Սմբատի հայրը՝ Վարդան Հարությունյանը:
Հայրն ու եղբայրը ցույց են տալիս դեպքի վայրն ու պատմում՝ Սմբատը Գյումրի էր ուղևորվում երկու այլ հարազատների հետ՝ նրանց մեքենայով։ Ճամփի կեսին մեքենան փչացել է։ Մայրուղուն կից կայանել են՝ անսարքությունը վերացնելու։ Այդ պահին մի ուրիշ մեքենա, ըստ հարազատների, բարձր արագությամբ եկել, հարվածել է ոչ երթևեկելի մասում կանգնած որդուն, շպրտել մի քանի մետր։ Գլխի ու մեջքի հատվածում ծանր վնասվածքներ ստանալով, Սմբատն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդպես էլ գիտակցության չգալով, երկու ամիս անց, մահացել։
«Իմ ախպերը կանգնած ա եղել, կապոտը բաց ա եղել, Դավիթ Դաինելյանը մեքենայով եկել ա, հարվածել ա, և 30 մետր իրան շպրտել ա դեպի ծառի տակ», - ներկայացրեց եղբայրը:
Սմբատի եղբայրը՝ Սերոբ Հարությունյանը վկաների բացատրություններն է ներկայացնում՝ կասկածի տակ առնելով բոլոր վարկածները։ Եթե Սմբատն իրենց մեքենային այդքան մոտ էր կանգնած, այդ ինչպե՞ս եղավ, որ մեքենան չվնասվեց, անգամ կողային հայելին չջարդվեց։ Ինչպե՞ս է եղել, որ ըստ դատաբժշկի, հիմնական հարվածը գլխին է ստացել։
«Ո՞նց հայելիին չկպավ, ջարդվավ, որ Սմբատին կպավ տարավ, իրանց մեքենային ընդհանրապես ոչ մի բան չի եղել», - նշեց Սերոբ Հարությունյանը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ դեռ Սմբատի կենդանության օրոք քրեական վարույթ են հարուցել երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Դեպքից յոթ ամիս անց դեռևս մեղադրյալներ չկան։ Ըստ վկաների՝ հարվածող մեքենայի վարորդի՝ Դավիթ Դանիելյանի փաստաբան Արայիկ Ներսիսյանն ասում է՝ իր պաշտպանյալն անվտանգության որևէ կանոն չի խախտել։ Փաստաբանի պնդմամբ՝ Դավիթի ավտոմեքենայի վրա վնասվածքներ կան, բայց ինչպես ավտոմեքենայի, այնպես էլ մահացածի ստացած վնասվածքները տարօրինակ բնույթ ունեն ու բազմաթիվ կասկածներ են հարուցում։
Այսօր ստացած դատաբժշկի եզրակացությունն է՛լ ավելի է խորացրել հարազատների կասկածները։ Փորձագետը նաև հարցաքննությամբ պնդել է, թե վկաների նկարագրած մեխանիզմով չէին կարող նման վնասվածքներ առաջանալ։ Նրանց համար արդեն կասկածելի են լսած բոլոր բացատրությունները։
Նախաքննության ընթացքում առաջ է քաշվել նաև վարկած, ըստ որի կոնֆլիկտ է եղել մահացածի՝ Սմբատ Հարությունյանի և նրա հետ նույն մեքենայում եղած հարազատների միջև։ Կասկածներ կան, որ հենց ճանապարհին նրանք վիճաբանել են, որի ընթացքում Սմբատը վայրկյանների ընթացքում կարող էր հայտնվել երթևեկելի հատվածում։
Դժբախտ պատահարից մահացածի մորաքրոջ որդին՝ Արտյոմ Տոնոյանն ասում է. - «Վկաների ցուցմունքը նենց ա, որ ինքը շատ մոտ ա գտնվել մեքենային, բայց մեքենային հարված չի հասել, չէ, չի կարա տենց բան լինի, այսինք, կա՛մ վկաներն են սուտ ցուցմունք տվել, կա՛մ խփողն ա... չգիտեմ... կասկածելի բան կան էլի»:
Սմբատի հարազատները մեղադրում են քննիչներին, որ ժամանակին չեն առգրավել հարակից թունելների վրա գտնվող տեսախցիկները, որոնք հնարավոր է որոշ հարցերի պատասխաններ տային։ Սմբատի մահից հետո արդեն պարզվել է, որ դեպքի օրվա տեսագրությունները չեն պահպանվել։
Մինչ ամիսներ ձգվող փորձաքննությունների եզրակացությունները կհասնեն կողմերին, Սմբատի մահից հետո Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում ծնվել է նրա առաջնեկը։ Մեծ դժբախտություն ապրած ընտանիքը ոչ մի կերպ չի հաշտվում վշտի հետ՝ հորից զրկված նորածինն ու նրա 20-ամյա մայրն ինչպիսի՞ ապագա կունենան։
«8 միլիոն դրամ ծախսել եմ հիվանդանոցում, հարցը էդ ֆինանսական խնդիրը չէ, ինձ ճշմարտությունն է պետք, թեկուզ մի կտոր հացով, մի կտոր չայով ես կապրեմ, էս հարսին, թոռիս կպահեմ, պայմաններս նեղն ա, պայմաններին պետք ա հաշտվեմ, բայց ինձ ճշմարտությունն ա պետք՝ տղայիս մահը», ասաց Վարդան Հարությունյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում՝ դժբախտ պատահար, վրաերթ, թե՞ դիտավորյալ սպանություն։ Այս մութ պատմության պատասխանները կլինեն միայն համալիր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո։