Արցախի ու Հայաստանի ԱԳ նախարարները ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել են ստեղծված իրավիճակը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակության հետ:

Նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Նաև անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին, մասնավորապես, նախօրեին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը և ստեղծված պայմաններում միջազգային հանրության հրատապ արձագանքի անհրաժեշտությանը, ասված է հաղորդագրության մեջ։

Այսօր ֆրանսիական պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանն ու Բրունո Ռետայոն անընդունելի են համարել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն, փոխանցում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Բրունո Ռետայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:

«Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար», - երեկ Սյունիքի Տեղ գյուղ կատարած այցի ժամանակ հայտարարել էր Բրունո Ռետայոն։