Սուդանի մայրաքաղաք Խարտումում կանոնավոր բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև չդադարող մարտական գործողությունների ֆոնին, մի շարք արևմտյան, արաբական և ասիական պետություններ շարունակում են իրենց քաղաքացիների տարհանումը։
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ ավարտվել է Սուդանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը։ Ֆրանսիան այսօր հայտարարեց Խարտումում իր դեսպանության փակման մասին։ Դա տեղի ունեցավ Սուդանում գտնվող ավելի քան 400 ֆրանսիացիների տարհանման ավարտից հետո։ Սուդանից իրենց քաղաքացիներին են տարհանում նաև Գերմանիան, Չինաստանը, Ինդոնեզիան, Լիբանանը, Իսպանիան և Իտալիան։