Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում

Ավելի քան մեկ տարի առաջ հրաժարական տված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից միայն փոխանցում են՝ իրականացվում է նախաքննություն։

Կոմիտեից չեն մանրամասնում, թե գործը երբ է փոխանցվել իրենց, ինչ կարգավիճակ ունի նախկին նախագահը, արդյոք հարցաքննվել է և ինչ եզրահանգման են եկել՝ հետաքննող լրագրողների՝ անցած տարվա բացահայտման վերաբերյալ, երբ «Հետքը» գրել էր, որ Սարգսյանը նաև մեկ այլ երկրի քաղաքացի է եղել։ Խոսքը մինչև նախագահ դառնալը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին է։

Քննչական կոմիտե ուղարկված գործը հարուցվել էր Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին ավելի քան 50 փաստաբանների բողոքի հիման վրա՝ մոտ երկու տարի առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցվել

2018-ին Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելուց մեկ ամիս առաջ «Հետք» պարբերականը հրապարակել էր բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա՝ նշելով, որ հրաժարվել է քաղաքացիությունից 2011-2012 թվականների ընթացքում:

69-ամյա Սարգսյանը նաև չէր հերքել «Հետքի» անցած տարվա բացահայտումը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու մասին։

Սահմանադրության համաձայն, նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները ձգձգում են Արմեն Սարգսյանի հայտարարագրման և երկքաղաքացիության հետ կապված գործերը