Փաշինյանը գաղափար անգամ չունի, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը․ Տեր-Պետրոսյան

Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից, սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը, նշել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը և օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը», - գրել է Փաշինյանի երբեմնի անդամակցած թիմի առաջնորդը։

«Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», - Ազգային ժողովում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մայր աթոռ - իշխանություն հակամարտությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, երկու օր առաջ էլ Մայր աթոռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը վերահաստատեց՝ հեռանալու հայրական հորդորը ուժի մեջ է։ Ենթադրվում է՝ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հենց սրան հակադարձեց, թե իշխանությունս Աստծուց է։