Անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները ստուգելու են Արցախ մտնող ցանկացած մեքենա. Արցախի պատգամավոր

Արցախի նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստը շարունակվում է։ Այն մեկ ժամ է, ինչ ընթանում է, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Խորհրդի նիստին հրավիրվում են նաև Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները։ Որոշ պատգամավորներ քննարկել են նաև չմասնակցելու հարցը, փոխանցեց Հակոբյանը, բայց չցանկացավ փակագծեր բացել։

«Ավելի ուշ պարզ կդառնան մանրամասները, թույլ տվեք առաջ չանցնեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Կոռնիձոր-Արցախ հատվածում, հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցիները տեղադրում են հսկիչ անցագրային կետ։ Սա նոր կամրջի այն հատվածն է, որ պիտի շահագործվեր։ Այստեղով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցնում, այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։ Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների՝ օրինականացրել են այդ գործընթացը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ «Ազատությանը» զրուցել դեռ չի հաջողվել։ Նրանք չեն պատասխանում զանգերին։