Արցախից հերքում են Բաքվի հաղորդագրությունն ական տեղադրելու մասին

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե իբր երեկ Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել «հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա»։ Արցախի արտգործնախարարությունը այս մեղադրանքը սադրիչ է որակել։

«Բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության՝ այս հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար:

Բաքուն ավելի վաղ հայկական կողմից պահանջել էր, իր ձևակերպմամբ, «դադարեցնել սադրանքները»։

Հայկական կողմը բազմիցս է հերքել Արցախ զենք և զինամթերք տեղափոխելու, ականներ տեղադրելու մասին լուրերն ու հայտարարությունները։ Բացի այդ, արդեն չորս ամսից ավելի է, ինչ փակ է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը իրենց էկոակտիվիստներ ներկայացնող ադրբեջանցիների կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի շրջանում «ականի վրա պայթել է Ադրբեջանի ռազմական բեռնատարը». ըստ Բաքվի՝ կա 3 վիրավոր