Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կիլոգրամ քաշային կարգի մրցումներում ուրբաթ օրը համոզիչ հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականից Դավիթ Հովհաննիսյանը, նրա թիմակից Արա Աղանյանը երկամարտի արդյունքներով արժանացավ արծաթե մեդալի:

Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալներ ստացավ թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում՝ համապատասխանաբար 164, 167 և 170 կգ և 200 ու 205 կգ արդյունքներով: Երկամարտում 375 կգ արդյունքով նա առաջինն էր՝ 11 կիլոգրամով գերազանցելով Արա Աղանյանի ցուցանիշը. Աղանյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 165 կգ, հրում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ՝ 199 կգ արդյունքով:

Դավիթ Հովհաննիսյանն այս հաղթանակով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականից հաղթանակ է տարել նաև Գոռ Սահակյանը՝ 67 կգ քաշային կարգում:

Հայաստանի թիմը առաջնության տղամարդկանց և կանանց մրցաշարերում արծաթե և բրոնզե շուրջ մեկ տասնյակ այլ մեդալներ ևս նվաճել է՝ մեծ և փոքր, այդ թվում՝ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Տաթև Հակոբյանը՝ կանանց 76 կգ, Անդրանիկ Կարապետյանը՝ տղամարդկանց 89 կգ քաշային կարգերում, բրոնզե մեդալակիր՝ Իզաբելլա Յայլյանը՝ կանանց 55 կգ, Ռաֆիկ Հարությունյանը՝ տղամարդկանց 81 կգ քաշային կարգերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանրորդ Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն