Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի տատիկը՝ Զինան պայքարի այլ տեսակ էլ չի տեսնում. ասում է՝ «մնում է փողոց փակենք, որ ուշադրության արժանանանք»։
«Բա մենք չիմանա՞նք՝ ինչ եղավ մեր էրեխեքին: 15 գեներալի պես էրեխեք մահացան, մոխիր դարձան», - ասաց Զինան:
Զինվորների հարազատների ակցիան այսօր ընթանում էր կառավարության նիստին զուգահեռ։
3 ամիս է՝ զոհված 15 զինծառայողների հարազատները չեն կարողանում հանդիպել ո'չ վարչապետի, ո'չ պաշտպանության նախարարի հետ. վաղ առավոտյան նորից նույն պահանջով փակել էին կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան, այնուհետև՝ Ամիրյան փողոցը։
Հարազատները երեք օր առաջ էլ դարձյալ նույն պահանջով փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Դժգոհ են քննության ընթացքից, ասում են՝ կորցրել են հավատը, թե ի վերջո կպարզվի՝ ինչպես բռնկվեց հրդեհը, ինչպես մոխրացան իրենց զինվորները։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, որ ծնողների մեծ մաս ներկայացուցիչն է, ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք հանգամանքներ իրար կողք դնելուց հետո ավելի շատ խնդիրներ են ջրի երես եկել։
Հրդեհի զոհ դարձած Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, վրդովված ասում էր՝ զինդատախազությունը, Քննչական կոմիտեն մի շարք անպատասխան հարցեր են թողել, ո՞վ պիտի դրանց պատասխանը տա:
«Չունի պատասխան, եթե ունի, թող գա, ասի, մենք էլ գնանք հանգիստ մեր տերը, մեր գործերով լինենք: Իմ էրեխան գնացել ա բանակ, 25 օր էր մնացել, որ տուն գար, թող գնար ադրբեջանցու հետ կռվեր, թող խփեին, պատերազմ լիներ, զոհվեր կամ ողջ կմնար, գիտեմ, որ Ադրբեջանի հետ կռիվ ա տալիս, բայց էրեխես գնացել քնել ա, առավոտ էլ էրեխեն չկա, մոխրացած ա: Դուք էդ նկարները չեք տեսել, ախր, իրանք էլ, երևի, Փաշինյանն էլ չի տեսել: Էրեխեքը մոխրացած, վառվել են, էդ ո՞վ պիտի պատասխան տա», - ասաց Արտյոմ Գրիգորյանը:
Ավելի քան երեք ժամ տևած ակցիայից հետո ոչ վարչապետը, ոչ էլ պաշտպանության նախարարը հրդեհից այրված զինծառայողների ծնողների հետ այդպես էլ չհանդիպեցին։
Ավելի ուշ ծնողներից տեղեկացանք, որ հանդիպել են վարչապետի օգնականի հետ։ Կառավարությունից խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում ասել՝ հնարավոր կլինի արդյոք հանդիպում Փաշինյանի և Պապիկյանի հետ, թե՝ ոչ։
Երեք օր առաջ, երբ փակվել էր Երևան-Սևան մայրուղին, Գեղարքունիքի մարզպետն էր եկել ծնողներին հորդորելու բացել ճանապարհը՝ խոստանալով խնդիրը հասցնել կառավարություն։ Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Կարեն Սարգսյանը, ըստ էության, ասել էր, որ հանդիպում չի լինի, քանի դեռ նախաքննություն է ընթանում։
Այսօր փաստաբան Նորայր Նորիկյանը հարցեր է բարձրացնում՝ այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ վարչապետի շտապողականությունը, երբ միջադեպից 24 ժամ չանցած պաշտոնական վարկածներ էր ներկայացնում:
«Որևէ մեկը, գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չուներ որևէ քրեական վարույթի վերաբերյալ որևէ տեսակետ արտահայտել և որևէ պաշտոնական վարկած դնել շրջանառության մեջ, ինչը կարող էր վարույթ իրականացնող մարմնի համար դիտարկվել և գնահատվել որպես ուղղակի հրահանգ: Այո, տուժողների կողմից այդ մտահոգությունը, այդ կասկածամտությունը, անվստահությունը ինչի՞ց առաջացավ», - ասաց փաստաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի զինվորական կացարանում հնդեհի գործով հարցաքննվել է կապիտան ՀակոբյանըԱյս քրեական գործով այժմ հինգ մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որն ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։
Փորձաքննություններից մեկի համաձայն՝ զինվորները մահացել են շմոլ գազից և այրվածքային շոկից, իրավապահները դեռ քննում են կրակի տարածման, կացարանից զինծառայողների դուրս գալու հնարավորության հանգամանքները։