Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը «շաբաթներ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպել այս երկրների ղեկավարների հետ»:
«Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել», - նշել է Պատելը:
Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. - «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք», - հավելել է նա: