Կիևի քաղաքային խորհուրդը խզել է հողի վարձակալության պայմանագիրը Ռուսաստանի դեսպանատան հետ

«Ղրիմն Ուկրաինա է» գրությամբ պաստառ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ, արխիվ

Կիևի քաղաքային խորհուրդը խզել է հողի վարձակալության պայմանագիրն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հետ: Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Որոշումն ընդունվել է քվեարկությամբ: Առաջարկին կողմ են քվեարկել մայրաքաղաքի օրենսդիր մարմնի 120 պատգամավորներից 73-ը:

Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները դիմել են Ուկրաինայի կառավարությանը ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության գույքը պետականացնելու առաջարկով:

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանությունը 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսների ռազմական հարձակման օրվանից փակ է:

Կիևում շարունակվում է խորհրդային և ռուսաստանյան անուններից և խորհրդանիշներից հրաժարվելու գործընթացը: Պատերազմի մեկնարկից հետո Կիևում 288 օբյեկտներ նոր անուններ են ստացել:

Ուկրաինայի մայրաքաղաքում մտադիր են վերանվանել մոտ կես հազար փողոցներ, մետրոյի մի քանի կայարաններ և ապամոնտաժել 6 տասնյակ արձաններ ու հուշատախտակներ: Նման գործընթացներ են իրականացվում նաև Ուկրաինայի այլ քաղաքներում: