«Լավ կլիներ՝ եկեղեցին քաղաքական թեմաներից չխոսեր». Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ այսօր մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցից հետո իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը նիստի վերջում որոշեց խոսել եկեղեցու և պետության դերերի մասին։ Երկար նախաբանում Կարապետյանն ակնարկեց՝ եկեղեցին չի ցանկանում համակերպվել պետական իշխանության մարմինների գերակայության հետ։
«Գուցե ավելի լավ լուծում կլիներ առհասարակ որևէ քաղաքական թեմայից չխոսել և խոսել բացառապես հոգևոր թեմաներից», - նշեց Կարապետյանը:
Իշխանական պատգամավորին վրդովվեցրել էր Սուրբ Հարության տոնի առթիվ կաթողիկոսի ուղերձը, որը Կարապետյանի գնահատմամբ՝ քաղաքական էր։
Գարեգին երկրորդն իր խոսքում ընդգծել էր, թե Արցախում և Հայաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունից հետո այսօր «ականատես ենք ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականատես ենք, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում հայ ժողովրդի կյանքում. Գարեգին ԵրկրորդԻշխանական պատգամավորի հռետորական հարցն էր կաթողիկոսին՝ ինչո՞ւ կոռուպցիան ու կեղծված ընտրությունները նման տեքստերի առիթ չէին դառնում նախկինում։ Շտապեց պատասխանել՝ ազգային միաբանության հասնելու միակ ձևը ազատ և արդար ընտրություններն են։ Մարիա Կարապետյանին հետաքրքրում էր նաև՝ ի՞նչ նկատի ուներ կաթողիկոսը, երբ խոսում էր ժողովրդի հոգևոր անվտանգության մասին։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգության հետ, վերջին տարիներին պաս ենք սկսել քիչ պահե՞լ նախկինի համեմատ, ավելի քի՞չ ենք աղոթում, կամ անտեսվո՞ւմ են դարերով նվիրագործված ավանդույթները: Եթե կրկին խտացնեմ և արագացնեմ միտքը՝ մի՞թե թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործված մեր ավանդույթը», - ասաց պատգամավորը:
«Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ»
Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ խոսել է ժողովրդի մեջ խորացող անհանդուրժողականության, անհաշտության մասին։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը, կաթողիկոսը պատասխանել է՝ հորդորը հայրական էր, անժամկետ։
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, այդ հայրական պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում եք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ, նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ, ինչպես քիչ առաջ հիշեցիք, Արցախի կարգավիճակի հետ առնչված, ինչպես նաև մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողականության ոգին, և այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու», - ասել է կաթողիկոսը:
Վեհափառն ընդունել է՝ եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ, շեշտելով՝ եկեղեցին պատրաստ է աջակցել, պատկերավոր նշելով՝ պետք է բոլոր ջրերը մի առվով հոսեն։ Գարեգին երկրորդը, սակայն, չի հստակեցրել՝ ի՞նչն է խանգարում երկու ինստիտուտների հարաբերությունների կարգավորմանը։
«Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում գործ չունի, Աստծուն չհավատացող մարդը չի կարող եկեղեցական լինել», - նշել է Վեհափառը:
Հայաստանի վարչապետը իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ չէ, որ քննադատել է հոգևորականներին, իշխանությունները արդեն մի քանի տարի է՝ չեն մասնակցում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր ծեսերին։ Պետական տոներին էլ, եթե նախկինում բարձրագույն իշխանության ներկայացուցիչները կաթողիկոսի հետ միասին էին այցելում տարբեր հուշահամալիրներ, ապա պատերազմից հետո սկսեցին առանձին-առանձին գնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը