Այսօր Ադանայում անհայտ անձը կրակ է բացել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա: Ըստ ոստիկանության, տուժածներ չկան:
Ականատեսները և իրավապահները հայտնել են, որ անհայտ անձը պոմպային հրացանից 12 կրակոց է արձակել շենքի վրա, որում այդ պահին մարդ չի եղել: Անձը շենքի դռան մոտ է թողել հրացանը և փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է:
«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը և բարձրաստիճան այլ կուսակիցներ խստորեն դատապարտել են միջադեպը:
«Մենք ոչ մի քայլ չենք նահանջի, չնայած սպառնալիքներին և սադրանքներին»,- ասել է Չելիքը:
Սա ապրիլի ընթացքում թվով արդեն երրորդ միջադեպն է: Մինչ այդ Ստամբուլում կրակ են բացել Ժողովրդահանրապետական կուսակցության և «Լավ» կուսակցության գրասենյակների վրա:
Վերլուծաբանները համոզված են, որ այդ միջադեպերն առնչություն ունեն մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու․ «Թուրքական ընդդիմությունը զղջում է, որ մենք օգնել ենք Ադրբեջանին»