Ազգային ժողովում այսօր մթնոլորտը կրկին լարվել էր։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության ծրագրի կատարողականի մասին ելույթի վերջում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ի նշան բողոքի՝ չի հեռանալու ԱԺ ամբիոնից։
«Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես», - ասաց նա՝ հրավիրելով իր հետ համակարծիք գործընկերներին միանալ։
«Բավական է, սթափվեք ու հասկացեք ձեր պատասխանատվության չափաբաժինը», - շեշտեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հրահանգել անջատել հեռարձակումն ու դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր հեռացրին ընդդիմադիրներին։
«Հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, որովհետև Ազգային ժողովի նախագահը բիրտ ուժի կիրառման հրահանգով մեզ դուրս է հանել Ազգային ժողովի դահլիճից, և մեզ հիմա արգելում են մտնել մեր աշխատավայր։ Սա բացահայտ ապօրինություն է, մարդու իրավունքների, պատգամավորի գործունեության իրավունքի ուղիղ ոտնահարում։ Սա նշանակում է՝ ուղղակի մենք գործ ունենք տարրական անպատժելիության հետ», - արդեն դահլիճից դուրս հայտարարեց պատգամավոր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում։