Իր հայտարարությունները սովորաբար Ստեփանակերտում սխալ են հասկանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ այս անգամ ևս չհասկացված է։ Հայաստանի վարչապետն այսօր պատասխանել է Արցախի խորհրդարանի բոլոր՝ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նախօրեի քննադատությանը։
«Եթե մենք հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, մենք անընդհատ սխալներ ենք գործում և գործել ենք։ Արցախի Ազգային ժողովի կարծիքները ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է», - ասաց նա։
Հարցին՝ իրեն սխա՞լ են հասկացել, վարչապետն արձագանքեց. - «Սովորավար սխալ են հասկանում, և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով՝ մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են, և ես ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, որ փաստարկների դաշտում իսկ ի՞նչ հակափաստարկ է հնչել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադրիդյան սկզբունքները հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից էին․ Օսկանյանը հակադարձում է ՓաշինյանինԱրցախցիները հակափաստարկները երեկ շարադրել էին ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ։ Անթույլատրելի էին համարել Արցախի փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունները՝ հասցեական անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին։
Երկու օր առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հայաստանը դեռ 2007-ին, «Մադրիդյան սկզբունքները» ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս. - «Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել։ Լավ, ես եմ մեղավոր, ենթադրենք՝ ես եմ ընդունել «Մադրիդյան սկզբունքները»։ Մենք Լեռնային Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս»։
Արցախից հակադարձեցին՝ անընդունելի են համարում վարչապետի տեսակետը, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «փորձելով այդ ամենը հիմնավորել «Մադրիդյան» աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը»։ Հատուկ շեշտել էին՝ Փաշինյանն անտեսում է, որ այդ փաստաթուղթն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումով։ Խորհրդարանական խմբակցությունները եզրակացրել էին՝ տարանջատելով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրն ու նրա ինքնորոշման իրավունքը՝ Հայաստանի պաշտոնյաները Բաքվի դիրքորոշումն են ընդունում։
Եթե Դուք Արցախի անունից չեք կարում խոսեք, ընդհանրապես մի խոսացեք. արցախցի ընդդիմադիր պատգամավոր
Նիկոլ Փաշինյանն իր սխալների համար միշտ մեղավորներ է նշանակում, ինչ ասել է, այն էլ հասկացել ենք, ասաց Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետի այսօրվա պարզաբանումներին։ Գալստյանի կարծիքով՝ «Մադրիդյան սկզբունքների» սեփական մեկանաբանությամբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջն է կատարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից նախօրեին պահանջել էր հստակ ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»«Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ երբ որ ելույթներում ասում է՝ ես Արցախի անունից չեմ բանակցում, չեմ կարող, արցախահայությունը ինձ ձայն չի տվել, եթե Դուք Արցախի անունից չեք կարում խոսեք, ընդհանրապես մի խոսացեք, բայց եթե խոսում եք, մեր ինքնորոշումը 91 թվականի Գերագույն խորհրդի որոշմամբ հաստատված է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է դա հաշվի առնելով գոնե չտանեն արցախահայության ինքնորոշումը հետին պլան», - ասաց նա։
Փաշինյանն ու նրա թիմակիցները ամիսներ շարունակ իրենց հրապարակային հայտարարություններում դադարել են հիշատակել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Փաշինյանը նախ հայտարարում էր, որ միջազգային հանրությունը միշտ Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս, իրենց ասել՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Հիմա էլ՝ Հայաստանի մասով է հայտարարություններ անում, թե դեռ 2007-ից է Հայաստանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։
Չնայած Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Արցախի հետ որպես սուբյեկտ բանակցել, Հայաստանի վարչապետը շարունակում է հայտարարել՝ ղարաբաղցիները իրենց վերաբերող հարցերով պետք է զբաղվեն, հայաստանցիներն՝ իրենցով։ Դեռ երեք ամիս առաջ ասում էր՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև տարակարծություն չկա, երեկ էլ, որ Երևանի դիրքորոշումները հայտնի են Ղարաբաղի իշխանություններին։
Այդ դեպքում ինչո՞ւ է Արցախի իշխանությունը, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած Անվտանգության խորհրդը պարբերաբար Հայաստանի իշխանություններին հորդորում առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով, հարց է տալիս Դավիթ Գալստյանը։
«Հենց Անվտանգության խորհուրդը իշխանական մարմիններից է կազմված։ Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, որ իբր Արցախի իշխանությունները բոլոր մանրամասներին տեղյակ են։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ միջազգային հանրությունն է պահանջում, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի դա պահանջում։ Նիկոլ Փաշինյանը կարող է նկատի ունի Ադրբեջանին ու Թուրքիային», - նկատեց պատգամավորը։
Իլհամ Ալիևից բացի, երեկ նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը Երևանից պահանջեց «Ղարաբաղը միանշանակ ընդունել որպես Ադրբեջանի տարածք»։