«Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահին

Սերգեյ Ղազարյան, Իլհամ Ալիև

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում, «Արցախպրեսի» հետ զրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ապրիլի 18-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը նախ հիշեցրել է, որ «Երևանը Պրահայում պաշտոնապես ճանաչել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա վերստին պնդել, թե Ղարաբաղը իրենց «ներքին խնդիրն է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք

Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը, Ալիևին հիշեցրել է Ղազարյանը՝ նկատելով՝ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը, ըստ արտգործնախարարի, նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Արցախի արտգործնախարարը կրկին ընդգծել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախևառաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։

«Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը», - ասել է Ղազարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու փաստը. ԱԳՆ