Հայաստանի կառավարությունը կանի հնարավորն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ կնքելու համար, բայց դա հնարավոր կլինի, միայն եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, այսօր կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման զեկույցը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Իսկ թե ինչպես է պատկերացնում Արցախի ճակատագիրը, ողջ նիստի ընթացքում Հայաստանի ղեկավարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:
Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», - ասաց նա:
Միևնույն ժամանակ հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորման համար պետք է, որ ձևավորվեն միջազգային մեխանիզմներ, հայտարարեց վարչապետը. - «Հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարևոր է նաև կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի, և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար»:
Ի՞նչ սահմաններով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը խոսեց հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների սահմանների մասին, սակայն առանց հստակեցնելու, թե բանակցությունների ընթացքում որ թվականի սահմաններն են հիմք ընդունվելու։
«Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք: Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին», - շեշտեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարևոր է հաջողությամբ ավարտել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը. ամերիկացի պաշտոնյաԻնչպե՞ս է կառավարության ղեկավարը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը. այս հարցին վարչապետը հստակ չպատասխանեց, սակայն խոսեց երկար տարիներ ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին բանակցված ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին՝ դարձյալ ակնարկելով, որ այն իրականում Ղարաբաղի անկախության համար հիմքեր չի ստեղծել. - «Եվ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, և այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգի իրացումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»
Ըստ Փաշինյանի՝ Արցախի հարցում բանակցային բովանդակությունն ու հանրային խոսույթը պետք է համընկնեն իրար, մի բան, որ տասնամյակից ավելի այդպես չի եղել. - «Նաև իմ սխալն է, ես եկել եմ 2018 թվին, ես էլ չեմ արել դա, ես էլ եմ սխալ արել, բայց այդպես է, ես այսօր ի՞նչ եմ ասում, ասում եմ՝ եկեք որոշենք՝ կա՛մ առերեսվում ենք, և ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»։
Արցախի ինքնորոշման ու բանակցային գործընթացի մասին Փաշինյանի հայտարարությունները փոխվել են գրեթե ամեն տարի. ընդդիմություն
Արցախի ինքնորոշման ու բանակցային գործընթացի մասին Փաշինյանի հայտարարությունները փոխվել են գրեթե ամեն տարի, պնդեց «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, իսկ Արծվիկ Մինասյանը ավելացրեց, թե Փաշինյանը «Մադրիդյան սկզբունքները» քննադատում է, չնայած ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին խոսվել է նաև 2021 թվականի «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումներում։
Նախընտրական ծրագրում նշված էր. «Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»:
«Հիմա երբ Դուք կատարում եք հակառակ պնդումներ, արդյո՞ք համարում եք, որ հիմա Դուք լեգիտիմ եք, երբ որ Ձեր նախընտրական ծրագրում ասել եք մի բան, հիմա՝ տարիուկես հետո, պնդում եք այլ բան», - հարցրեց Մինասյանը։
«Մադրիդյան սկզբունքների» այդ Ձեր ասածին որպեսզի շատ կոնկրետ արձագանքեմ, «Մադրիդյան սկզբունքները» ընդունվել են 2007 թվին, լուծեիք, ժողովուրդ ջան, էդքան լավ էր ամեն ինչ, լուծեիք, բայց տասը պլյուս մեկ տարի ո՞վ է խանգարել։ Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն եկել է, այս ամբիոնից արել, էլի պիտի ասեն նախկինների մասին է... չէ, «Մադրիդյան սկզբունքներից» հետո եմ ասում։ Այդքան լավ էր, ամեն ինչ պարզ էր, հստակ էր, լուծեիք, ժողովուրդ ջան», - արձագանքեց Փաշինյանը։
Թուրքիայի կառավարությունն ու ժողովուրդը ճիշտ է ընկալել Հայաստանի գործողությունները երկրաշարժից հետո. Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերություններից բացի, հարևանների հետ խաղաղություն ասելով Կառավարությունը նկատի ունի նաև Թուրքիայի հետ կարգավորված հարբերություններ, պարզաբանեց Փաշինյանը. - «Այո, մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ, մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ՝ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանն այցելել է Ադիյաման քաղաք, հանդիպել հայ փրկարարական խմբին
Չնայած հայ-թուրքական հարաբերություններում տեսանելի առաջընթաց չկա, ու երկու երկրների բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել, այնուամենայնիվ, ըստ Փաշինյանի, Թուրքիայի կառավարությունն ու ժողովուրդը ճիշտ է ընկալել Հայաստանի գործողությունները երկրաշարժից հետո։