Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և հավելել է, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն:
Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:
Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ, և որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը