«Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ Ալեն Սիմոնյանին առնչվող հաղորդման առթիվ վարույթ չի նախաձեռնվի. ՔԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման առթիվ վարույթ չի նախաձեռնվի։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու միջադեպից հետո գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Դատախազությունն այն ուղարկել էր Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարույթ չի նախաձեռնվի։

Կազմակերպությունը դիմում ներկայացնելով ակնկալում էր, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու, և պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման հոդվածով՝ դաշնակցականին առևերևույթ ապօրինի բերման ենթարկելու համար, ասել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Դաշնակցական Կարեն Մկրտչյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պնդել էր՝ Ազգային ժողովի նախագահին «դավաճան» անվանելու համար նրա թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին։ Սիմոնյանը հերքել է միայն այն, որ թիկնապահները նրա ձեռքերը բռնել են: