Վազգեն Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազ Արմեն Գևորգյանը մեղադրական ճառի ժամանակ միջնորդեց պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» առաջնորդած ընդդիմադիր գործչին տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
77-ամյա Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Ընդդիմադիր գործիչը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատախազը հայտնեց, որ պատիժը մեղմացնող հանգամանք են եղել Մանուկյանի տարիքը, նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները:
Արմեն Գևորգյանը դատարանից նաև պահանջեց մինչ դատավճռի հրապարակումը անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Մինչ մեղադրող կողմը հայտարարում է, թե մեղադրանքն ապացուցված է, պաշտպանական կողմը պնդում է՝ Մանուկյանի հայտարարությունները չեն կարող համարվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Ըստ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դրանք բռնության ուղերձներ չեն, այլ քաղաքական քննադատություն:
Պաշտպանական կողմը խնդրեց արդարացնել Վազգեն Մանուկյանին։
Նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց ապրիլի 29-ին։