Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի երկու քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովիի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են, հայտնում է Հայաստանի Գլխավոր դատախազությունը։
Ադրբեջանի քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ ապրիլի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Նույն օրը նրան մեղադրան է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական վարույթ է հարուցվել ապրիլի 14-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Երկու զինծառայողի՝ 2004 թվականին ծնված Ագշին Բաբիրովի և 2003 թվականին ծնված Հուսեյն Ախունդովի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Հայաստանում հենց նույն օրը Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում ձերբակալվեց Բաբիրովը, Ախունդովը հայտնաբերվեց և ձերբակալվեց երեք օր անց՝ Աճանան գյուղի մոտակայքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բռնեցի, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա». ադրբեջանցուն գտած բնակիչԱխունդովի հայտնաբերումից ժամեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։
Այդ օրը ակտիվորեն լուրեր էին շրջանառվող, թե ձերբակալված ադրբեջանցու մոտ հեռախոս են հայտնաբել, որը ենթադրաբար կարող էր պատկանել սպանված տղամադրուն։
Իրավապահները պաշտոնապես չեն հաստատել, թե արդյոք պահակի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։
Այսօր Գլխավոր դատախազությունը «Ազատությանը» փոխանցել է, որ պահնորդի սպանության հետ կապված ավելի ուշ հանդես կգա հաղորդագրությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցու մոտ հայտնաբերված հեռախոսը ենթադրաբար պատկանում է Կապանի սպանված բնակչին