ԿԳՄՍ նախարարություն. Երեկվա միջադեպն առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ

Երեկվա միջադեպը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ: Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը», - հայտարարում է ԿԳՄՍ նախարարությունը:

Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչին պաշտոնական Բաքուն վրդովմունքով է արձագանքել և որոշել է հետ կանչել իր մարզիկներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը. ադրբեջանցի մարզիկները լքեցին առաջնությունը