Լեդի Գագան՝ Սպիտակ տան մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ

Լեդի Գագան երգում է Ջո Բայդենի երդմնակալության օրը, Վաշինգտոն, արխիվ, 20 հունվարի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչված երգչուհի, երգահան և դերասանուհի Լեդի Գագային (Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտա) նշանակել է Սպիտակ տան մշակույթի և արվեստի հարցերով հանձնաժողովի համանախագահ:

Արվեստագետն ունի 13 Grammy մրցանակ և ամենահաջողակ ստեղծագործողներից է արդիական շոուբիզնեսում:

Նախկինում Time հանդեսի կողմից Լեդի Գագան ներառվել է «Աշխարհի առավել ազդեցիկ հարյուր մարդկանց» ցանկում: Ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին:

1982 թվականին ստեղծված հանձնաժողովը Միացյալ Նահանգների նախագահին և ամերիկյան գերատեսչությունների ղեկավարներին խորհուրդներ է տալիս մշակույթի բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Լեդի Գագան բազմիցս երգել է Ջո Բայդենի նախընտրական միջոցառումների, ինչպես նաև պաշտոնամուտի հանդիսավոր արարողության օրը:

Այդ կոմիտեի մյուս համանախագահն ամերիկյան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության բնագավառում աշխատող անվանի պրոդյուսեր Բրյուս Քոենն է: