Հինգշաբթի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարեցին Պենտագոնից «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրությամբ պաշտոնական փաստաթղթերի արտահոսքի գործի շրջանակում կատարված առաջին ձերբակալության մասին։ Ամերիկացի ուժայինների փոխանցմամբ՝ հատուկ գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել է պետական գաղտնիքների հրապարակման մեջ կասկածվող անձը, իրականացվել է Մասաչուսեթս նահանգի Նորթ Դայթոն քաղաքում։
Վաշինգտոնում երեկ երեկոյան հրավիրված ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը բացահայտեց ձերբակալվածի ինքնությունը։ Դատախազի խոսքով՝ կասկածյալի անունն է Ջեյք Դուգլա Թեյշեյրա, նա Միացյալ Նահանգների Ազգային գվարդիայի ռազմաօդային ստորաբաժանման աշխատակից է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոնը փորձում է պարզել Կիևին օգնելու պլանների մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը. NYTՄիացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը գաղտնի փաստաթղթերի արտահոսքը առաջին անգամ մեկնաբանեց Թեյշեյրայի ձերբակալության լուրի հրապարակումից մի քանի ժամ առաջ Դուբլինում՝ պնդելով, թե գաղտնազերծումների գործնական, ինչպես նաև քաղաքական հետևանքները հազիվ թե շատ լուրջ լինեն։
«Արտահոսքերն ինձ չեն մտահոգում։ Ավելի ճիշտ, ինձ մտահոգում է այն, որ նման բան տեղի է ունեցել։ Դրա հետ մեկտեղ, որևէ ընթացիկ տեղեկատվություն, որ մեծ նշանակություն կարող էր ունենալ, [այդ փաստաթղթերում] չկա», - պնդում էր Բայդենը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին առաջին անգամ հայտնի դարձավ ապրիլի 6-ին։ Գաղտնազերծված փաստաթղթերը տեղադրվել էին Discord սոցիալական ցանցում։ Առաջին օրերին դրանց թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը, երեկվա դրությամբ, սակայն, ամերիկյան մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, գաղտնազերծված պաշտոնական գրությունների թիվը հասել էր 300-ի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան փաստաթղթերի ամենածավալուն արտահոսքը WikiLeaks-ից հետոՓաստաթղթերի զգալի մասը վերաբերում է ռուս - ուկրաինական պատերազմին, մասնավորաբար՝ այն ոչ-բավարար վիճակին, որում գտնվում են գարնանային հակահարձակմանը նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումները՝ նախևառաջ սպառազինության սղության պատճառով։
Մի շարք փաստաթղթերից պարզ է դառնում, որ ամերիկյան կողմը բավական լավ է տեղեկացված, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի ղեկավարության ներսում՝ այդ թվում Ուկրաինայում ռազմական գործողությունների մշակման ընթացքում ։
Նախօրեին հրապարակված ևս մի քանի փաստաթղթերից էլ հայտնի է դարձել, որ այս տարվա փետրվարի դրությամբ Ուկրաինայի տարածքում նաև ՆԱՏՕ-ի հատուկ ջոկատայիններ են եղել՝ ընդհանուր առմամբ 97 զինվորական, որոնցից 50-ը` Մեծ Բրիտանիայից։
Բացի այդ, մի շարք փաստաթղթերում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնավոր զրույցներից մի քանիսը՝ մասնավորաբար այն խոսակցությունները, որ վերաբերում էին Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման շուրջ անցած ամռանը կնքված գործարքին։
«Գլխավոր քարտուղարը բավական վաղուցվանից է զբաղեցնում այս պաշտոնը, նա քաղաքական և հասարակական գործունեությամբ զբաղվելու բավական երկարատև փորձ ունի, ուստի չեմ կարծում, որ նա առանձնապես անակնկալի է գալիս, երբ ոմանք իրեն լրտեսում են կամ էլ գաղտնալսում են նրա մասնավոր զրույցները։ Ցավոք սրտի, պատահում են նաև դեպքեր, երբ նման մասնավոր զրույցների բնույթն աղավաղվում է, և այդ խոսակցությունները հանրայնացվում են», - երեկ Նյու Յորքում ասուլիսի ժամանակ հայտարարում էր ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։