Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Պենտագոնում քննարկել է ռազմական օդաչուների պատրաստման հարցեր

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխանախարար Ռամիզ Թահիրովը Պենտագոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մարկ Սասևիլի հետ։

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական օդաչուների պատրաստմանը վերաբերող հարցեր։ Թահիրովը անցած օրերին հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Չարլզ Բրաունի հետ։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ «կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել ռազմական համագործակցության ներկա վիճակի ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»։