Բաքուն կրկին մեղադրել է Երևանին, նաև սպառնալիքներ հնչեցրել

Տեղ գյուղի հատվածում արյունալի զինված բախումների համար Բաքուն Երևանին է մեղադրում։

«Հայաստանն է նպատակաուղղված սադրանք իրականացրել»,- այս մասին Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը հայտարարել են Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը։ Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափին զուգահեռ Ջեյհուն Բայրամովը Երևանին հետևանքներով է սպառնացել, բացի այդ հորդորել չխառնվել ինտեգրացիայի գործընթացներին:

«Հայաստանը պետք է դադարեցնի այնպիսի վտանգավոր և սադրիչ քայլերը, որոնց հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար, ինչպես դա տեղի ունեցավ երեկ», - հայտարարել է Բայրամովը։

Հիշեցնենք՝ նախօրեին նաև Բաքուն է հաղորդել 3 զոհի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում. հայկական և ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի և վիրավորների մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղի արյունոտ բախումը պայքար էր մեկ դիրքի համար․ Տիգրան Աբրահամյան

«Այդ սադրանքները կարելի է հասկանալ որպես քայլ, որն ուղղված է կանխելու մեր քաղաքացիների վերադարձը ազատագրված տարածքներ», - հայտարարել է Բայրամովը՝ նշելով, որ հենց այդ միջադեպի վայրի հարևանությամբ Բաքուն ակտիվ շինարարական ծրագրեր է իրականացնում ՝ ադրբեջանցիների վերադարձն ապահովելու նպատակով։

«Կորպուսի հրամանատարի ներկայությունն այնտեղ ցույց է տալիս, որ դա իրականացվել է իրենց ցուցումով, այլ ոչ թե շարքային զինվորականի որոշմամբ։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ սադրանքի ետևում կար պլան», - պնդել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը։

Հայկական կողմի հասցեին Բայրամովի մեղադրանքներն այսքանով չեն բավարարվել։ Ադրբեջանցի դիվանագետը դժգոհել է, թե Բաքվի և Երևանի միջև դեմ առ դեմ շփումները անցած տարվա դեկտեմբերից դադարել են։ Պատճառների մասին նա չի խոսել, չի նշել, որ Մոսկվայում նախատեսված հանդիպումը հայկական կողմը չեղարկել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին։ Փոխարենը նախարար Բայրամովը Երևանի դիրքորոշումն է ապակառուցողական անվանել։

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցությունների սեղան։ Այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը առանց մանրամասներ հայտնելու։

ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հատուկ շեշտել են՝ Բաքուն շարունակում է ջանքերը Ղարաբաղում ապրող հայերի հետ ուղիղ շփումներ հաստատելու, նրանց ինտեգրելու ուղղությամբ։ Ադրբեջանցի պաշտոնյաները, սակայն, չեն հստակեցրել, որ Ստեփանակերտը մերժում է այդ հանդիպումներում Բաքվի առաջարկած վերաինտեգրման օրակարգը։

«Բանակցությունները շարունակվելու են։ Ադրբեջանական կողմն առաջարկել է հանդիպումը Բաքվում անցկացնել, սակայն Հայաստանի միջամտությունը հայ ազգաբնակչությանը ինտեգրելու գործընթացին անընդունելի է»,- պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահ Բույան Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Օսմանին Լաչինի միջանցքին չի անդրադարձել

Օսմանին տարածաշրջանում է եռօրյա այցով․ նախօրեին նա Վրաստանում էր, նրա վերջին կանգառը Հայաստանն է։ Հյուսիսմակեդոնացի պաշտոնյան ԵԱՀԿ -ի նախագահությունը ստանձնել է, ինչպես հայտարարել է, հիմքում դնելով մարդակենտրոն քաղաքականություն՝ «Ամեն ինչ ժողովրդի համար» կարգախոսը։

Անցած շաբաթներին նա հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ասել, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգությունը հայտնել մարդկանց առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ և կոչ արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական երկխոսություն սկսել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ գործող նախագահն ապրիլի 12-13-ը կայցելի Հայաստան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են հանդիպել Ռուսաստանում․ Զախարովա

Չնայած տարբեր միջազգային կառույցների, արևմտյան բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի դատարանի՝ Լաչինի միջանցքն ահապաղ բացելու մասին հայտարարություններին, Բաքվում ադրբեջանցի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում իր հրապարակային խոսքում Օսմանին Լաչինի միջանցքին չի անդրադարձել։

Մինչդեռ երեկ նա Վրաստանում մեկ այլ մեկուսացած բնակավայր էր այցելել և խստորեն դատապարտել մարդկանց տարրական իրավունքներից զրկելը և հորդորել վերականգնել ազատ տեղաշարժի իրավունքը։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը նախօրեին Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի անցակետ է եղել, որտեղով փշալարարեր են անցնում։ Գրեթե չորս տարի է՝ Վրաստանի և Հարավային Օսիայի փաստացի սահմանին գտնվող Ախալգորիի շրջանի բնակիչները՝ հիմնականում էթնիկ վրացիներ, մեկուսացման մեջ են։ Հարավային Օսիայի իշխանությունները փակել են շրջանը Վրաստանին կապող միակ ճանապարհը՝ ի պատասխան վրացական իշխանությունների կողմից սահմանի այլ տեղերում ոստիկանական անցակետերի տեղադրման։

«Տխուր և անընդունելի է, որ 21-րդ դարում Օձիսիում «բաժանարար պատ» կա», - հայտարարել էր Օսմանին, շարունակելով․ - «Այս շրջանում մարդկանց տեղաշարժի ազատությունն ամբողջությամբ արգելափակված է։ Նրանք հնարավորություն չունեն այցելելու իրենց հարազատներին, ընկերներին, օգտվելու գյուղատնտեսական տարածքներից։ Նրանք զրկված են անգամ իրենց կրոնական վայրեր այցելելու հնարավորությունից»։

Հյուսիսմակեդոնացի պաշտոնյան շեշտել է՝ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին և քաղաքակրթական իդեալներին, մարդկանց ազատ տեղաշարժը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, պետք է վերականգնվի։

Բանակցություններ, երկխոսություն. ԵԱՀԿ նախագահի հորդորը

Բաքվում Օսմանին խոսել է հայ-ադրբեջանական հարաբարերությունների կարգավորման գործընթացից և իր աջակցությունը հայտնել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հարևանների հաշտեցմանը՝ կողմերին կոչ անելով մարտադաշտից տեղափոխվել բանակցությունների սեղանի շուրջ:

Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարի խոսքերով՝ ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ բարդ իրավիճակում են գտնվում հակամարտող հարևանները։ Նա սեփական երկրի օրինակն է բերել․ Սկոպյեն վերջին տասնամյակներին տարաձայնություններ է ունեցել իր գրեթե բոլոր հարևանների՝ Հունաստանի, Կոսովոյի, Բուլղարիայի, Սերբիայի հետ: Մոտ երկու միլիոն բնակչություն, Հայաստանից էլ փոքր տարածք ունեցող բալկանյան այդ երկրին, այդուհանդերձ, հաջողվել է կարգավորել վեճերը սահմանակից պետությունների հետ և ճանապարհ հարթել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Իր հորդորը Բաքվին և Երևանին՝ բանակցություններ, երկխոսություն, որքան էլ ծանր լինի ընթացքը։

«Իմ ուղերձն այստեղից՝ Բաքվից, պարզապես քաղաքական հայտարարություն չէ․ սա ուղերձ է, որը բխում է մի մարդու սրտից, որի երկիրն անցել է նման ծանր փորձություններով և դժվարին իրավիճակներով։ Մենք գիտենք, թե որքան կործանարար և հիասթափեցնող են այս խնդիրները, որքան անհնարին են թվում լուծումները», - նշել է նա։