«Ամեն բան կփորփրենք արտահոսքի աղբյուրը բացահայտելու համար»
«Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրություններով 5 տասնյակից ավելի փաստաթղթեր փետրվարի 28-ին, ապա մարտի 1-ին ու հետագա օրերին հայտնվել են սոցիալական ցանցերում: Փորձագետները չեն բացառում, որ դրանց թիվը հարյուրների է հասնում:
Ընդ որում, դրանց մի մասը «ֆեյք» են, արտաքուստ ճշմարտանման, բայց կեղծված փաստաթղթեր են, սակայն դա բնավ չի փարատում Պենտագոնի և ամերիկյան գաղտնի ծառայությունների ղեկավարների մտահոգությունները: Այդ ատյաններում արդեն ասում են, թե տեղի է ունեցել ամերիկյան գաղտնի փաստաթղթերի ամենածավալուն արտահոսքը 2013 թվականի WikiLeaks-ի բացահայտումններից հետո:
Գաղտնազերծված փաստաթղթերում քննարկումների սղագրություններ են, քարտեզներ, նկարներ և զեկույցներ, որոնք առնչվում են Ամերիկայի և դաշնակիցների զինված ուժերի վիճակին, միջպետական և ներքին հարաբերություններին և Ուկրաինայի պատերազմին:
Մասնավորապես, ըստ փաստաթղթերի, ուկրաինական բանակն ունի զինամթերքի լուրջ խնդիրներ, խորհրդային արտադրության հրթիռների քանակը սպառվում է:
Դեռ տարեսկզբին վերլուծաբանները կանխատեսել են, որ ուկրաինացիները գարնանը կանցնեն լայնածավալ հակահարձակման, սակայն առնվազն այս օրերին ոչինչ այդ մասին չի վկայում, և փորձագետների մի մասը չի բացառում, որ հակագրոհի հետաձգումը կապվում է փաստաթղթերի արտահոսքի հետ:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն է անդրադարձել արտահոսքին:
Նա ասել է, որ ապրիլի 6-ին է տեղեկացել դրա մասին և անմիջապես կարգադրել է միջգերատեսչական մակարդակով սկսել հետաքննություն, որին միացել է նաև արդարադատության նախարարությունը: Հարուցվել է քրեական գործ: Նա հավատացրել է, որ ոչ մի արտահոսք չի փոխի Վաշինգտոնի հարաբերությունները դաշնակիցների հետ:
«Մենք կշարունակելու ենք մեր սերտ համագործակցությունը դաշնակիցների և գործընկերների հետ, և ոչինչ մեզ չի խանգարի ապահովել Ամերիկայի անվտանգությունը»,- ասել է Օսթինը:
Ազգային անվտանգության հարցերով փորձագետները չեն բացառում, որ հաշվի առնելով փաստաթղթերում ընդգրկված թեմաների բազմազանությունը՝ Ուկրաինա, Չինաստան, Մերձավոր Արևելք, Եվրոպա, կարելի է ենթադրել, որ արտահոսք կազմակերպած անձը կամ անձինք հենց Միացյալ Նահանգներից են:
Օսթինի պնդմամբ, պատկան մարմիններն ամեն բան կանեն արտահոսքի հանգամանքները պարզելու համար:
«Մանրամասներ չեմ նշի, բայց իմացեք, որ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում, մենք կշարունակենք հետաքննությունը, ամեն բան կփորփրենք, տակնուվրա կանենք արտահոսքի աղբյուրը և ծավալը բացահայտելու համար»,- ասել է Օսթինը:
Հազարավոր ուկրաինացիներ ԱՄՆ-ում մարտական պատրաստություն են անցնում
Սոցցանցերում հայտնված այդ փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ ուկրաինական բանակն անդադար մարտերի արդյունքում հյուծվել է: Կիևը լրացուցիչ էլիտար ստորաբաժանումներ է փոխադրել դեպի Բախմուտ (ռուսերեն՝ Արտյոմովսկ), որ այն պաշտպանող բանակը չհայտնվի ամբողջական շրջափակման մեջ:
Համաձայն այդ փաստաթղթերի, առնվազն 12 ուկրաինական գրոհային խմբեր, յուրաքանչյուրում 4-5 հազար զինծառայող, մարտական պատրաստություն են ացնում Միացյալ Նահանգներում: Դրանցից վեցը պետք է ճակատում հայտնվեին մարտի 31-ին, ևս երեքն էլ այնտեղ կլինեն ապրիլի վերջին: Այդ ինը խմբերին պետք են ավելի քան 250 հրասայլ և 350 զրահամեքենա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագները» պատրաստվում էր զենք գնել Թուրքիայից՝ համաձայն ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի. WPԵրբ հայտնի է դարձել արտահոսքի մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոտնի ղեկավար Լոյդ Օսթինն անմիջապես հեռախոսով զրուցել են իրենց ուկրաինացի պաշտոնակիցներ Դմիտրո Կուլեբայի և Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Օսթինը համոզմունք է հայտնել, որ արտահոսքը չի խոչընդոտի հակագրոհ նախաձեռնելու Կիևի ծրագիրը:
Մոսկվայում չեն բացառում, որ ԱՄՆ-ում են կազմակերպել արտահոսքը
Քանի որ արտահոսքից առնվազն անուղղակի շահել է Ռուսաստանը, Միացյալ Նահանգներում վերլուծաբաններից ոմանք չեն բացառել, որ այս կամ այլ եղանակով հետքերը Մոսկվա են տանում:
Մինչդեռ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ չի բացառել, որ գուցե ամերիկացիները՝ ռուսներին թյուրիմացության մեջ գցելու համար, կազմակերպել են այդ արտահոսքը:
«Ես դա չեմ պնդում, բայց և չեմ բացառում, քանի որ Միացյալ Նահանգները հակամարտության կողմ է, Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ուստի կարող է նաև նման քայլի դիմել»,- ասել է Ռյաբկովը:
«Գիտենք, որ Ուկրաինայում կան ՆԱՏՕ-ի հրահանգիչներ և մարտիկներ»
Այս փաստաթղթերում կա նաև տեղեկություն այն մասին, որ Ուկրաինայում գտնվում են բրիտանական հատուկ ուժերի զինծառայողներ:
Արձագանքելով դրան՝ Կրեմլի խոսնակն ասել է, թե Մոսկվայում էլ չեն կարող վստահ պնդել, որ փաստաթղթերն իրական են:
«Բայց նույնիսկ եթե վերանանք դրանից, այդ փաստաթղթերի ի հայտ գալուց շատ առաջ մենք ունեինք և հիմա էլ ունենք տեղեկություններ այն մասին, որ Ուկրաինայում կան և մարտական գործողություններին են մասնակցում հրահանգիչներ և մարտիկներ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներից, այդ թվում՝ Բրիտանիայից»,- ասել է Դմիտրի Պեսկովը: