Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են հանդիպել Ռուսաստանում․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Ադրբեջանը և Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետները կհայտարարվեն, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի, նշել է նա։

«Մեր ջանքերը չեն թուլանում՝ բազմակողմանիորեն աջակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին նախապատրաստելու խաղաղության համաձայնագիրը այդ երկրների միջև»,- ըստ «Ինտերֆաքս»-ի` ասել է Զախարովան։

Հայաստանի արտգործնախարարությունից առաջիկա հանդիպման մասին մանրամասներ չհայտնեցին, խոսնակը միայն փոխանցեց, թե նախարարի այցերի ու հանդիպումների մասին պատշաճ ժամկետում կտեղեկացնեն։

Զախարովան երեկվա զինված ընդհարման մասին ասել է, թե տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն հավատարիմ մնան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններին։

Նրա ասելով՝ երեկվա միջադեպի շրջանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և սահմանապահների ներկայացուցիչները անհապաղ կապվել են Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ և լարվածությունը թուլացնելու միջոցներ են ձեռնարկել։