Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, հայտարարում է ՀՀ արտգործնախարարությունը:
«Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:
Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրույթունում:
Արտգործնախարարությունն ընդգծում է, որ «ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը»:
Պաշտոնական Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում. հայկական և ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի և վիրավորների մասինՊաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ, վեց վիրավոր:
Իր հերթին, պաշտոնական Բաքուն իրավիճակի լարման մեջ կրկին մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական կողմը հայտարարում է՝ թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանի պաշտպանական կառույցը հայտնում է երեք զոհի մասին։