Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մերձակայքում։
Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ այստեղ տեղակայված հայկական ուժերը «հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են Լաչինի ուղղությամբ գտնվող հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև պնդում է՝ «համարժեք պատասխան քայլեր» ձեռնարկելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությանն էլ հաղորդել է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները կրակ են բացել. ՊՆ-ի նախնական տեղեկություններով՝ կան զոհերԱզգային անվտանգության ծառայությունը մարտի վերջին հայտնել էր, որ հայկական կողմի հաշվարկներով՝ ադրբեջանական կողմը Կոռնիձորի հատվածում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել առնվազն 5 կետերում:
Ապա կրկին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է, սակայն Տեղ գյուղի բնակիչները «Ազատությանն» ասել էին, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։
Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։