Քիչ առաջ հրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ կրակել են շուրջ երկու շաբաթ առաջ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները։
Տեղի գյուղացիների փոխանցմամբ՝ կան տուժածներ։ Այս պահին կրակոցները լռել են։
Պաշտպանության նախարարությանը հաղորդում է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ կառույցից խոստանում են հայտնել լրացուցիչ հաղորդագրությամբ:
Իր հերթին, պաշտոնական Բաքուն պնդում է, թե «հայկական ուժերը հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։
Ազգային անվտանգության ծառայությունը մարտի վերջին հայտնել էր, որ հայկական կողմի հաշվարկներով՝ ադրբեջանական կողմը Կոռնիձորի հատվածում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել առնվազն 5 կետերում:
Ապա կրկին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է, սակայն Տեղ գյուղի բնակիչները «Ազատությանն» ասել էին, որ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, շարունակում են խրամատավորման աշխատանքը։
Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նախադեպ չկա»․ ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ Տեղի դաշտեր մտած ադրբեջանցիները հետ չեն քաշվելու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին