44-օրյա պատերազմից մեկ ամիս անց Արցախի Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները վաղ առավոտից փակել էին հայ - վրացական սահմանի Բավրայի մաքսակետը։ Ասում էին՝ ծայրահեղ այս քայլին են դիմել, քանի որ իրենց զավակներին պահանջելու այլ տարբերակ չունեն։
«Մեզ արդյունք է պետք, մեզ օդի մեջ կոչ անել պետք չէ, արդյունքն էլ ես հասկանում եմ, որ իմ երեխան իմ կողքին լինի։ Ոչ մի ծնողի էլ հաճելի չէ գալ, ոստիկանների հետ լավ ու վատ եղնել», - ասաց նրանցից մեկը։
Խծաբերդում 2020 թվականի դեկտեմբերին 62 պահեստազորային էր գերեվարվել, նրանց մի մասին Բաքուն վերադարձրել է, իսկ մյուս 26-ի ծնողներն արդեն 860 օր է՝ սպասում են իրենց զավակներին։ Հարազատներն ասում էին՝ այլևս չեն ուզում, որ իրենց խաբեն. - «Պահանջը մի բան է՝ մեր երեխաներին հետ բերեք, երկուսուկես տարի մենք խաբնված ենք, էլ հնար չկա, արդեն վերջին աստիճանն է հասել, էս գործին թող լուծում տան։ Ով բերեց՝ մեր Աստվածն է։ Մի բան է մնացել, չեմ ուզում արտահայտվել, բայց եթե արդյունք չեղավ, եթե ստիպեցին, դրան էլ կդիմենք։ 860 օր մեր երեխեքը Բաքվի բանտերի մեջն են, մեկը կարա՞ գա, կողքներս կանգնի, ասի՝ վերջը մեռած ենք, թե սաղ, կամ երբ պիտի գան ձեր երեխեքը»։
«Մեր պահանջը միակն է՝ վերադարձնել Խծաբերդի 26 տղաներին, վերջ։ Մեր ակցիան քաղաքական ոչ մի ենթատեքստ չի կրում, մեզ ոչ պաշտոն է պետք, ոչ աթոռ, մեզ պետք է մեր 26 տղան», - հավելեց ներկաներից մեկ այլ տղամարդ։
Ադրբեջանական բանտերում պահվող պահեստազորայինների հետ հարազատները շփվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Ծնողներն ասում են՝ իրենց երեխաներին չեն ճանաչում. - «30 տարեկան տղա է, դառել է 60 տարեկան, սաղ հիվանդ են, խաբելով պտտեցնում են սաղիս»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների հարազատները բողոքի ակցիա արեցին Ռուսաստանի դեսպանության և կառավարության շենքի առջև ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ ո՛չ ՌԴ դեսպանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեցին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մինչև երեխեքը չգան, ոչ մի խաղաղություն». Խծաբերդում գերեվարվածների հարազատները Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ էին«Իմ տղայիս վիճակը շատ վատ էր, համ ձայնն էր, արդեն երեք անգամ նույն վիդեոն են ուղարկել, ես հիմա կասկածում եմ, թե նրանք ինչ վիճակի մեջ են», - ասում է մյուսը։
Շուրջ վեց ժամ տևած ակցիայի ընթացքում ոստիկանները մերթ ընդ մերթ փորձում էին բացել ճանապարհը, բայց հարազատները տեղի չէին տալիս։
Ի վերջո, նրանք ինքնակամ բացեցին փակ հատվածը՝ հայտարարելով, որ առաջիկայում էլի ակցիաներ կլինեն, երբ ու որտեղ՝ չասացին։
Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ գերիներին չվերադարձնելով Ադրբեջանը խաթարում է խաղաղության գործընթացը։ Բաքուն մինչ օրս 150-ից ավելի ռազմագերի է վերադարձրել։ Ադրբեջանական բանտերում այժմ 33 հայ ռազմագերի է պահվում, նրանց տարբեր հանցանքներ են վերագրված՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելը։ Դատապարտման ժամկետները՝ 6-ից մինչև 20 տարի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այս պահին թեև տեղաշարժ չկա, բայց կանխատեսում են, որ առաջիկայում հնարավոր է սկսվի Բաքվի հետ դատարանի կոմունկացիան։ Երկու հոգու հարցով կոմունիկացիան արդեն ապահովվել է։
«Համանման հանգամանքներով որոշ գործեր դատարանի կողմից կոմունիկացվել են, օրինակ՝ մենք ունենք հայրենադարձված գերու առնչությամբ կոմունիկացիա, ունենք նաև սպանված ռազմագերուն առնչվող գործի կոմունիկացիա և ունենք կանխատեսում, որ հաջորդ կատեգորիան, որը արագ կոմունիկացվելու է, հենց առնչվելու է հաստատված և Բաքվում պահվող ռազմագերիներին», - ասաց նա։
Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազագերիների գործերին Եվրադատարանը առաջնահերթություն է տվել, քանի որ նրանց հարցով անհապաղ միջոց կիրառելու միջանկյալ որոշում կա։